EasyPay ընկերությունը տնկել է 2470 ծառ

  • 24 Մայ, 2022

2021 թվականի դեկտեմբերին EasyPay ընկերությունը սկսեց ամանորյա արշավ՝ առաջարկելով տոնին ընդառաջ եղևնի կտրելու և օրեր անց դեն նետելու փոխարեն՝ տնկել մեկը։ Մարքեթինգային արշավի շրջանակում դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում easywallet օնլայն դրամապանակի միջոցով՝ QR-ով կատարված յուրաքանչյուր գնման դիմաց EasyPay-ը տնկելու էր մեկ ծառ։

Արշավի մեկնարկը տրվել է սոցիալական տեսահոլովակով։

2021 թվականի դեկտեմբերի 31-ին ամփոփվեցին գնումների արդյունքները։ «Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ» արշավի ընթացքում կատարվել էր 2470 QR վճարում։ Հաշվի առնելով ծառատունկի հետ կապված ռիսկերը՝ ընկերությունը համագործակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ և վայրի հետ կապված հարցերում տեղորոշվել ըստ մասնագետների։

2022 թվականի ապրիլին EasyPay ընկերության ֆինանսավորմամբ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը (“My Forest Armenia”) Դիլիջանի ազգային պարկի իր անտառվերականգնման տարածքում տնկեց 2470 ծառ։ «Իմ անտառ Հայաստան»-ի առաքելությունն է կայուն կերպով մեծացնել Հայաստանի անտառային ծածկույթը և միայն տեղական ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը: Կազմակերպությունն արդեն իրականացրել է ավելի քան 150հա տարածքի անտառապատում Լոռու և Տավուշի մարզերում։

Նախաձեռնությունը EasyPay ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է կազմում։ EasyPay ընկերության տնօրեն Միքայել Գաբրիելյանը նշում է, որ արշավը առաջին հերթին նպաստում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։

Միքայելի կարծիքով կարևոր է, որպեսզի մեծ ու փոքր ընկերությունները կոնկրետ ոլորտում գործունեություն ծավալելուց բացի ստեղծեն մեկ ընդհանուր գաղափար, որը կծառայի համընդհանուր շահին և որում ներգրավված կլինի նաև սպառողը։

«Ուրախ ենք, որ Հայաստանում գործող ընկերությունները գիտակցում են անտառների կարևորությունը մեր երկրում առողջ շրջակա միջավայր ունենալու համար և նպաստում են Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգման գործընթացին։ Կարևոր է, որ մեր գործընկերները նման նախաձեռնություններին մասնակից են դարձնում նաև իրենց հաճախորդներին՝ նրանց ներգրավելով անտառ ստեղծելու մեր գաղափարի իրագործմանը» - նշում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

EasyPay ընկերության հանրային կապերի պատասխանատու Անի Յավրենցը ավելացրեց՝

«Արշավի մասին քննարկումները դեռ նոր էին սկսվել թիմում ու բոլորս մի քիչ վախենում էինք, որովհետև տեղյակ էինք անտառստեղծման հետ կապված խնդիրների մասին, ու մտավախություններ շատ կային, օրինակ՝ միջավայրը բարենպաստ կլինի, թե՞ ոչ ու առհասարակ որտե՞ղ է պետք իրականացնել ծառատունկը, ընդհանրապես արշավը կստացվի, թե՞ ոչ։

Արշավի մեկնարկի առաջին օրվանից այս բոլոր մտավախություններն անցան, որովհետև կար աջակցություն հանրության ու մեր հավատարիմ օգտատերերի կողմից»։
Արշավի արդյունքում իրականացվեց ծառատունկը։ EasyPay ընկերությունը մեծ հույս ունի, որ նմանատիպ նախաձեռնությունները մեկ անգամյա բնույթ չեն կրի:



Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար