Մինիմալիստական կենսակերպ․ ինչպես ազատվել ոչ անհրաժեշտ իրերից ու պարզեցնել կյանքը
- 24 Օգս, 2023
- EasyPay
«Մինիմալիզմ» բառը վերջին տարիներին շատ թրենդային է դարձել։ Չնայած դրան՝ քչերն են փորձել հասկանալ՝ ինչ է այն նշանակում։
Մեր ուշադրությունը շեղող այնքան բան կա, որ հաճախ ժամանակ չենք գտնում՝ ամենասովորական թվացող բաներից ուրախանալու համար։ Մենք ծանրաբեռնված ենք ֆիզիկական ու մտավոր խառնաշփոթով, որը հանգեցնում է անհանգստության ու անգոհունակության։
Մինիմալիստական կենսակերպը սկսվում է այն պահից, երբ առանձնացնում ես այն ամենը, ինչը կյանքիդ խիստ անհրաժեշտ մասն է կազմում ու ծառայում է քեզ, իսկ մնացածը՝ նվիրում, մի կողմ դնում կամ դեն նետում՝ կախված նրանից, թե ինչ վիճակում է գտնվում տվյալ իրը։ Երբ քո տեսադաշտից հեռացնում ես ոչ կարևորը, խնայում ես ժամանակ և ունենում ես ավելի մեծ կենտրոնացում այն ամենի վրա, ինչն իսկապես արժեք ունի։
Պատրա՞ստ ես անել առաջին փոքր քայլը դեպի մինիմալիզմ։ Այսօր միասին կհասկանանք՝ ինչ կտա քեզ այս փոփոխությունը ապրելակերպիդ մեջ։ Կքննարկենք նաև հին ու ոչ անհրաժեշտ իրերից ազատվելու քայլերը։
Ի՞նչ կտա քեզ մինիմալիստական կենսակերպը
Մենք հաճախ ենք կապում ավելին ունենալը լավ կարգավիճակի ու հարմարավետության հետ։ Սակայն ինչքան շատ ենք մենք ձգտում ավելիին ունեցվածքի առումով, այնքան շատ ենք հեռանում ինքներս մեզնից ու կանգնում այդ ամենը կորցնելու ռիսկի առաջ։
Երբ դու որոշես մինիմալիստ դառնալ,
- Չես ծանրաբեռնի քեզ ոչ կարևոր անելիքներով ու զբաղվածությամբ։
Քչով ապրելու գիտակից որոշումը տարածվում է ոչ միայն մեզ պատկանող իրերի, այլև մեր ապրելաոճի վրա։
Կունենաս ավելի շատ ժամանակ։
Ազատվել խառնաշփոթից նշանակում է ազատվել այդ ամենը մաքրելուց ու դասավորելուց։ Արդյունքում կունենաս ազատ ժամանակ ու կկարողանաս անել այն, ինչ սիրում ես ու ինչին կարևորություն ես տալիս։
Կխնայես գումար։
Գիտակցելով, որ քիչն էլ բավարար է քեզ, դու կկարողանաս կատարել գնումներդ՝ ըստ կարևորության։ Կհարցնես քեզ՝ «ի՞նչ եմ ուզում» ու «ի՞նչ է հարկավոր ինձ», և կկարողանաս ըստ այս հարցերի գնել կամ օգտագործել ինչ-որ բան։
Կապված չես լինի իրերի հետ։
Քո տրամադրությունը կախված չի լինի քեզ պատկանող գույքից կամ իրերից։ Հետևաբար՝
Զգայական առումով ավելի կայուն կլինես։
Էմոցիաների տատանումները մեծ հաշվով կապված չեն լինի նյութականի հետ։ Եվ, վերջապես,
Կվարես էկոլոգիապես ավելի գիտակից կյանք։
Շատ սպառելու և ավելորդ գնումներ կատարելու փոխարեն դու պատրաստ կլինես քչացնել գնումներ կատարելու հաճախականությունը՝ նախընտրելով օգտագործել որակապես բարձր ապրանք տևական ժամանակ։
Երբ որոշում ես կյանքդ ապրել որպես մինիմալիստ, կարևոր է լինել համբերատար․ չէ՞ որ տարիների ընթացքում հավաքածդ իրերը նաև հիշողություններ են, որոնց հետ հեշտ չէ «խզել կապերը»։ Այս առումով կարող ես հանգիստ լինել․ հիշողությունները կմնան քեզ, իսկ դու կարիք չունես կառչել այն իրերից, որոնք քեզ այլևս օգուտ չեն տալիս ու սպառում են էներգիադ։ Սկսիր փոքր քայլերից ու հիշիր, որ մինիմալիստական ապրելակերպի անցում կատարելը մեծ փոփոխություն է, և մի գիշերում արդյունքը միգուցե տեսանելի չլինի։
9 խորհուրդ՝ ոչ անհրաժեշտ իրերից ազատվելու
Ընտրիր մեկ տարածք և սկսիր դասավորել այն։ Կարող ես սկսել գրադարակից, աշխատանքային սեղանից կամ որտեղից ուզես։ Այսպիսով կհեշտացնես ու կհամակարգես աշխատանքդ։
Օգտագործիր 80/20 կանոնը։ Պարետոյի սկզբունքի համաձայն՝ ներդրած ջանքերի 20%-ը երաշխավորում է արդյունքի 80%-ը։ Որոշիր, թե հատկապես որտեղից պետք է սկսես աշխատանքը՝ առավելագույն արդյունքի համար, և անցիր գործի։
Բաժանիր իրերը երեք մասի՝ պահելու, նվիրելու, դեն նետելու։ Երբ ձեռքդ ես վերցնում իրը, մտածիր՝ այն օգտակա՞ր է, դեռևս պիտանի՞, թե՞ անպետք։ Օգտակար իրերը հավանաբար կցանկանաս պահել, դեռևս պիտանի, բայց քեզ ոչ անհրաժեշտ իրերը կտաս նրան, ով դրա կարիքն ունի, իսկ ոչ օգտակարը կկարողանաս հանգիստ խղճով դեն նետել։
Խմբավորիր նույն կատեգորիայի իրերը։ Պահելով միատեսակ իրերը նույն տեղում՝ ավելի հեշտ կլինի գտնել այն իրը, որը տվյալ պահին անհրաժեշտ է քեզ։ Օրինակ՝ հարմար է դասավորել բոլոր գործիքները դրանց համար նախատեսված տուփի մեջ՝ չթողնելով մուրճը մեկ այլ տեղում։
Նոր բան գնելիս ազատվիր մեկ հին իրից: Ինչպես ասում են՝ «տեղ ազատիր» նորի համար։
Թեթևացրու զգեստապահարանդ։ Փորձիր քո յուրաքանչյուր հագուստն ու մտածիր՝ զգու՞մ ես քեզ հարմարավետ ու ինքնավստահ՝ կրելով այն։ Կարող ես նաև անցում կատարել կապսուլային զգեստապահարանի։ Այն սովորաբար բաղկացած է լինում 30-50 իրից, որոնցից հնարավոր է ստանալ հարյուրավոր համադրություններ։
Ազատվիր նրանից, ինչը կարծում ես, որ մի օր պետք կգա քեզ։ Երբեմն դժվար է դեն նետել ինչ-որ բան․ «Բա որ մի օր պե՞տք գա»,- մտածում ենք մենք։ Այդ պահերին արժե ինքներս մեզ հարցնել հետևյալը․ «եթե ինձ սա մի օր անհրաժեշտ լինի, բայց հասանելի չլինի, ի՞նչ կարող եմ անել»։ Այսպիսով մեր ուղեղը սկսում է լուծումներ փնտրել, իսկ մեզ ավելի հեշտ է լինում ազատվել թվացյալ պետքական իրից։
Ժամանակ տուր ինքդ քեզ։ Մի փորձիր ամեն ինչ անել-վերջացնել միանգամից։ Բաշխիր անելիքներդ ու յուրաքանչյուրին հատկացրու ժամանակ՝ չծանրաբեռնվելու ու մաքսիմալ գոհացնող արդյունք ունենալու համար։
Մտածիր ու ապրիր որպես մինիմալիստ։ Մինիմալիստական կենսակերպը գալիս է մեր մտածելակերպից և կապված չէ արտաքին հանգամանքների հետ։ Երբ պարբերաբար չես կիրառում մինիմալիստական մոտեցումը քո կյանքում՝ լինի դա նյութականի թե ոչ նյութականի համար, դու քո կյանք հետ ես բերում խառնաշփոթ ու ծանրաբեռնվածություն։ Դրանից խուսափելու համար կարող ես սահմանել՝ ինչքան հաճախ դասավորել և մի կողմ դնել ոչ անհրաժեշտը, ինչպես նաև գրի առնել արդյունքներդ։
Մինիմալիզմը պարզապես իրերի մասին չէ։ Այն կյանքը պարզեցնելու ու ինքդ քեզ հետ ներդաշնակության մասին է։ Ֆինանսական կյանքը պարզեցնելու համար կա easywallet-ը, որով կարող ես կատարել բոլոր վճարումներդ և խնայել այդքան կարևոր ժամանակը։ easywallet-ում կարող ես նաև պահել բոլոր քարտերդ և ազատել հեռախոսդ տարատեսակ հավելվածներից։
Ապրել որպես մինիմալիստ նշանակում է ազատվել նրանից, ինչը անհրաժեշտ չէ, խանգարում է կենտրոնանալ կամ տալիս է վատ էմոցիաներ։ Սկսելով քո սենյակից, հավաքելով ու մի կողմ դնելով այն, ինչի կարիքը չունես՝ դու մի կողմ ես դնում նաև կենտրոնացումդ խանգարող ավելորդ մտքերը։ Այնպես որ, փորձիր քո կյանք բերել միայն այն սովորությունները, հանդիպումները, մարդկանց ու իրերը, որոնք իսկապես օգտակար են ու սիրելի։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար