Ե՞րբ և ինչպե՞ս խոսել ֆինանսներից զուգընկերոջ հետ. Անիի ու Հակոբի պատմությունը

Ե՞րբ և ինչպե՞ս խոսել ֆինանսներից զուգընկերոջ հետ. Անիի ու Հակոբի պատմությունը

  • 09 Փտվ, 2024
  • EasyPay

Անին ու Հակոբը տեղյակ են, որ շատ զույգեր անհարմար են զգում խոսել գումարի մասին։ Սակայն նրանք հավատում են, որ այդ թեմայով զուգընկերոջ հետ խոսելուց չարժե վախենալ կամ ամաչել։

Անին ու Հակոբը մեր այսօրվա ֆինանսառոմանտիկ պատմության հերոսներն են։ Նրանք իրենց ֆինանսական խնդիրների, անհանգստությունների ու նպատակների մասին բաց ու թափանցիկ զրույցներ հաճախ են ունենում, որ միմյանց հասկանան, ճանաչեն ու նպատակներ կազմեն միասին։

Սուրբ Վալենտինի օրը մոտ է, և այս առիթով մեր հերոսները որոշեցին քեզ ու քո վալենտինին օգնել ավելի մեծ ուշադրություն դարձնել հարաբերություններում կարևոր հարցերից մեկին՝ գումարին։

Ե՞րբ խոսել գումարից զուգընկերոջ հետ

Անին ու Հակոբը վստահ են, որ պետք է քննարկել ֆինանսներն ի սկզբանե։ «Անկախ նրանից` որքան ժամանակ է, ինչ ճանաչում եք իրար, ճիշտ ժամանակն է խոսել ծախսելու սովորություններից ու գումարի նկատմամբ վերաբերմունքից», - ասում են նրանք։

Մեր զույգը հորդորում է սկսել խոսել գումարի մասին,

1. Երբ դեռ քիչ ժամանակ է անցել, ինչ հանդիպում եք

Անին պատմում է, որ հարաբերությունների հենց սկզբից ֆինանսների մասին կարճ, բազային խոսակցություններ ունենալը օգնեցին իրեն ավելի լավ ճանաչել Հակոբին։ Անին փորձում էր քննարկման դաշտ բերել ժամադրությունների ծախսերը կիսելը, ինչին Հակոբը առարկում էր։ Ժամանակի ընթացքում նրանք համաձայնության եկան․ յուրաքանչյուրն իր կարողության չափով է վճարում, իսկ անակնկալներն ու նվերները սիրով ընդունվում են։

Նրանք նաև հարմար համարեցին խոսել իրենց եկամտի աղբյուրներից ու աշխատավարձից։ «Առաջին հերթին պետք է վստահ լինել, որ նա պատրաստ է այդ հարցով կիսվել» - նշում է Հակոբը։ Նա, ամեն դեպքում, այս փուլում խորհուրդ չէր տա հարցեր տալ պարտքերից կամ վարկերից։

2. Երբ կարևոր որոշում կայացնելու փուլում եք

Ապագայի ծրագրեր կազմելիս ֆինանսների մասին քննարկումները Անիի ու Հակոբի կյանքում դարձան անխուսափելի։ Նրանք արդեն մտածում էին ամուսնանալու կամ պարզապես միասին ապրելու մասին ու շուտով հասկացան, որ շատ բան կա անելու․ պետք էր մանրամասնորեն քննարկել յուրաքանչյուր հարց՝ ապրելու վայր, վարձավճար, ամենօրյա վճարումներ։ Իրարից տարբեր կարծիքներ ունեին, բայց հասկանում էին, որ այդ հարցերի շուրջ համաձայնության գալը անհրաժեշտություն է։ Նաև հասկանում էին, որ հնարավոր չէ ամեն բան պահել վերահսկողության տակ, ու օգնում էին իրար թեթև տանել չնախատեսված հանգամանքները։

Անին մի կարևոր կետ էլ է նշում․ «Քո ապագա «ես»-ը շնորհակալ կլինի քեզ, եթե այս փուլում հաշվի առնես նաև ապագայում երեխա ունենալու հանգամանքը և զուգընկերոջդ հետ խոսես դրանից բխող ֆինանսական խնդիրների ու լուծումների մասին»։

Մեր հերոսները իրենց օրինակով ցույց են տալիս, որ կարևոր հարցերը վաղաժամ քննարկելն ու հնարավոր խնդիրների կանխատեսումը օգնում են նվազեցնել անհամաձայնությունները։ Ի վերջո, արժե էլ ավելի շատ խոսել ֆինանսների մասին,

3. Երբ ամուսնացած եք ու երջանիկ

Իսկ երջանիկ եք, քանի որ նախապես քննարկել եք կարևոր հարցերից մեկը՝ գումարը։ Կարևոր է այս փուլում էլ ավելի ակտիվ կերպով շարունակել քննարկումները, քանի որ ձեր նպատակները ու ծախսելու սովորությունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում։

Նպատակներին ձեռք ձեռքի տված հասնելու համար այլ տարբերակ չի մնում, քան զուգընկերոջ հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելն ու ոչինչ չթաքցնելը։ Իսկ որպեսզի կարողանանք այսպիսի երկխոսություններ ունենալ, կրկին հարցուփորձ կանենք Անիին ու Հակոբին։

5 խորհուրդ՝ զուգընկերոջ հետ գումարից խոսելու

Արդեն պարզ դարձավ, որ արժե խոսել գումարի մասին հարաբերությունների սկզբնական փուլից սկսած և շարունակել քննարկումները մյուս փուլերում ևս։ Պարզենք՝ ինչը կօգնի էլ ավելի արդյունավետ ու դրական դարձնել ֆինանսների շուրջ քննարկումները Հակոբի ու Անիի օրինակով։

1. Պայմանավորվեք երբեք չկիրառել միկրոկառավարումը

Ընդհանուր ֆինանսները կառավարելը չի ենթադրում միկրոկառավարում, այն է՝ կողակցից հաշվետվություն պահանջելը կամ ակնկալելը բոլոր ծախսերի համար։ Հակոբն ու Անին խնդիր չեն տեսնում իրենց ժամանցի կամ անձնական կարիքների համար չնախատեսված վճարումներ անելու մեջ։ Նրանք գիտակցում են, որ հարաբերություններում յուրաքանչյուրն ունի ազատություն, ինչը չի խանգարում զուգընկերոջ հանդեպ բարեխիղճ ու ազնիվ վերաբերմունք ցուցաբերելուն։

2. Կազմակերպեք ֆինանսական Ժամադրություններ

Որպեսզի ավելի լավ կառավարեք ձեր ֆինանսները, կարող եք կազմակերպել ֆինանսական ժամադրություններ, որոնք ուղղված կլինեն գումարին առնչվող ծրագրերի քննարկմանը։ Դա կարող է լինել ճամփորդություն պլանավորելը, ներդրում անելը, վարկի համար դիմելը կամ մեկ այլ բան։ Արժե նախօրոք համաձայնեցնել՝ ինչի մասին եք խոսելու կամ ինչ որոշում պետք է կայացնեք, որ քննարկումը համակարգված բնույթ ստանա։ Նման ժամադրությունների շնորհիվ սկսում եք ավելի լավ հասկանալ ձեր՝ գումարի հանդեպ վերաբերմունքը, նաև նկատել, թե յուրաքանչյուրդ ինչ միջոցներ եք կիրառում նպատակին հասնելու համար։ Հակոբն ու Անին հաճախ են ժամադրում միմյանց ու ակտիվ քննարկումներ ունենում՝ վերլուծելով, խնդիրներն առանձնացնելով ու մեծ ու փոքր հաջողություններով ուրախանալով:

3. Գնացեք փոխզիջման

Երբ Անին ու Հակոբը քննարկումներ են ունենում, միշտ չէ, որ նույն կարծիքներն են կիսում: Սակայն նրանք հարգում ու ընդունում են միմյանց տեսակետներն ու գումարի տնօրինման մեթոդները: Իհարկե, Անին մինչ օրս չի հասկանում՝ Հակոբի ինչին էր պետք հինգերորդ կարմիր հուդին :D Բայց նա նաև գիտակցում է, որ ինքն էլ արդեն վինտաժային մեծ հավաքածու ունի, որը միգուցե խելամիտ կամ օգտակար չթվա Հակոբին։

Ֆինանսների կառավարման մասին յուրաքանչյուրիս մտքերը ձևավորվում են տարբեր միջավայրերում ու տարբեր ազդեցությունների հիման վրա։ Ծախսելու սովորությունների, ֆինանսական գրագիտության պակասի կամ այլ հարցերում կողակցին մեղադրելը առնվազն կփչացնի հարաբերությունները: Իսկ տարբեր մոտեցումներ ընդունելով ու ոսկե միջինը գտնելով՝ հնարավոր կլինի ստեղծել փոխըմբռնման միջավայր։

4. Մի ստեք ֆինանսական դրության մասին

Շատ հաճախ մարդիկ մեղավորության ու ամոթի զգացում են ունենում շատ ծախսելուց, պարտքեր ունենալուց կամ այլ պատճառներով։

Զրկվելով աշխատանքից ու եկամտի միակ աղբյուրից՝ Անին պարտքեր էր կուտակել ու խուսափում էր այդ մասին խոսել։ Դառնալով Հակոբի հետ ավելի մտերիմ՝ հասկացավ, որ այդ փաստը պետք չէ թաքցնել. վաղ թե ուշ դա կբացահայտվի ու կխանգարի իրենց ծրագրերին, իսկ Անին կկորցնի Հակոբի վստահությունը։ Նա ի վերջո տեղեկացրեց Հակոբին այդ մասին, ու նրանք միասին աշխատեցին հնարավորինս արագ մարել պարտքը։ Անին խորհուրդ է տալիս լինել ազնիվ ու թափանցիկ, անկախ նրանից՝ ինչ խնդրի առաջ եք կանգնել։

5. Սովորեք միասին

Ֆինանսական գրագիտություն առարկան, ցավոք, ներառված չի եղել դպրոցի կրթական ծրագրում, բայց դա մեզ չի խանգարում ինքնակրթվել չափահաս տարիքում։ Հակոբը համատեղ կյանքի սկզբնական փուլում զգաց, որ չի կարողանում խնայողություններ անել։ Անին առաջարկեց Հակոբին միասին գրանցվել ֆինանսական գրագիտության դասընթացի։

Դուք նույնպես կարող եք սովորել միասին։ Կարող եք ֆինանսական փոդքասթներ լսել, դասընթացների գրանցվել, կապվել մասնագետի հետ կամ գտնել այն տարբերակը, որը ամենալավը կաշխատի ձեր պարագայում։

Դու միգուցե մտածես, որ Հակոբին ու Անիին հեշտ է տրվել այս ամենը։ Իհարկե, եղել են նաև միմյանց սովորությունները, կարծիքներն ու որոշումներն ընդունելու դժվարություններ։ Մենք ներկայացնում ենք այս պատմությունը՝ որպես դրական, պարզ ու օրինակելի փորձ։ Արժե հիշել, որ գումարին վերաբերող քննարկումներից խուսափում են շատերը, և այս թեմային անդրադառնալը պահանջում է փոխադարձ նրբանկատություն, հարգանք ու վստահություն։

Հուսով ենք, որ Անիի ու Հակոբի պատմությունը կօգնի քեզ ունենալ ֆինանսական քննարկումներ քո վալենտինի հետ առողջ միջավայրում։ Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը ^-^


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար