Վարկային, դեբետային ու կանխավճարային քարտեր

Վարկային, դեբետային ու կանխավճարային քարտեր

Պատմում ենք տարբերությունների մասին
  • 30 Մար, 2023
  • EasyWallet

Մի պահ կենտրոնացիր ու պատկերացրու կյանքն առանց վճարային քարտերի, երբ յուրաքանչյուր գործարքի համար ստիպված ես կանխիկ դրամով վճարել։ Չի ստացվում, չէ՞։

Կանխիկ գումարը շատ հարցերում արագ փոխարինվեց քարտերով, ու շատ բան հասանելի դարձավ մեզ․ օնլայն գնումներ, ճամփորդություններ՝ առանց գումար կորցնելու ռիսկի ու տարադրամի փոխանակման անհարմարությունների, ու շատ ավելին։ Վճարային քարտերը մեզ օգնում են ծախսել ավելի հետևողականորեն ու արդյունավետորեն տնօրինել մեր ֆինանսները։

Տարբեր նպատակների համար տարբեր քարտատեսակներ կան։ Այսօր կպատմենք վարկային, դեբետային ու կանխավճարային քարտերի մասին։ Քարտատեսակները թողարկվում են տարբեր ընկերությունների կողմից, որոնցից Հայաստանում ամենահայտնին են Visa-ն ու Mastercard-ը։ American Express, Discover, UnionPay ընկերությունները լրացնում են քարտ թողարկողների շարքը։

Իսկ թե որ քարտատեսակն է քեզ ամենահամապատասխանը, կպարզենք առանձին-առանձին ծանոթանալուց հետո։ Դե ինչ, սկսե՞նք։

credit card easypay

Վարկային (կրեդիտային) քարտեր

Ոչ սթափ վիճակում ծախսելն անթույլատրելի է :)

Վարկային քարտով կարող ես անկանխիկ գնումներ կատարել ու վճարել ծառայությունների դիմաց։ Երբ վճարում ես վարկային քարտով, օգտագործում ես վարկի ձևով քեզ տրամադրված գումարը։ Դու, այսպես ասած, պարտքով գումար ես վերցնում այնքան, որքան թույլ է տալիս քո վարկային սահմանաչափը։ Այդ սահմանաչափը կախված է քո վարկային պատմությունից ու եկամտից։

Կարևոր է իմանալ, որ գործարքի դեպքում առաջին հերթին բանկն է վճարում վաճառակետին, ինչից հետո դու պարտավորվում ես ժամանակի ընթացքում վճարել բանկին՝ հետևելով վճարման ժամկետներին։ Երբ ուշացնում ես «պարտքիդ» մարումը, վճարման ենթակա գումարին ավելանում են նաև տոկոսագումարներ, որոնցից գերադասելի է խուսափել։

Ի դեպ, վարկային քարտի գումարը կարող ես կանխիկացնել բանկոմատների միջոցով՝ հաշվի առնելով համեմատաբար բարձր միջնորդավճարները։

debit card easypay

Դեբետային քարտեր

Չնախատեսված ծախսերից հեռու մնալու տարբերակ

Դեբետային քարտի միջոցով կարող ես օգտագործել սեփական միջոցներդ՝ ներառյալ բանկային հաշվիդ փոխանցված աշխատավարձը։ Ինչպես կրեդիտային քարտերի դեպքում, այս դեպքում ևս կարող ես վճարել օնլայն կամ հենց վաճառակետերում։ Սովորաբար, դեբետային քարտով վճարելիս դու հնարավորություն ունես ծախսել միայն այն գումարը, որն այդ պահին առկա է քո բանկային հաշվին։ Եթե քո գնած ապրանքը կամ ծառայությունն արժե 10,000 դրամ, ապա նույնչափ գումար անմիջապես կելքագրվի քո բանկային հաշվից։ Իսկ եթե հաշվիդ չլինի բավականաչափ գումար, գործարքը չի կատարվի։

Ի տարբերություն կրեդիտային քարտի՝ վճարելու քո հնարավորությունները այս դեպքում կախված են ոչ թե վարկային սահմանաչափից, այլ բանկային հաշվիդ առկա գումարից։ Սակայն դեբետային քարտերը կարող են ունենալ նաև օվերդրաֆտ, որը կարճ ժամկետով վարկավորման տարբերակ է։ Այն թույլ է տալիս քարտապանին վճարում կատարել, երբ վճարման ենթակա գումարը գերազանցում է հաշվին առկա գումարը։ Օվերդրաֆտը չի կարող փոխարինել վարկային քարտին․ այն սովորաբար անհրաժեշտ է չնախատեսված դեպքերում վճարումներ կատարելու համար։

Դեբետային քարտը ոչ միայն թույլ է տալիս քեզ հետևել վճարումներիդ ու փոխանցումներիդ, այլև կառավարել ծախսերդ ըստ քո եկամտի։ Իսկ կանխիկացում հնարավոր է ցածր միջնորդավճարներով՝ ի տարբերություն կրեդիտային քարտի։

prepayment card easypay

Կանխավճարային քարտեր

Նորեկները :)

Կանխավճարային քարտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կարող ես ձեռք բերել ու օգտագործել այն առանց բանկային հաշվի։ Հետևաբար՝ շատ մարդիկ գերադասում են այս տարբերակը մյուսներից։ Կանխավճարային քարտով գործարքներ իրականացնելու համար պետք է նախապես լիցքավորել այն։

Կանխավճարային քարտի տեսակ են համարվում նվեր քարտերը, որոնք չեն կարող վերալիցքավորվել և սպասարկվել բանկոմատներում ու կարող են օգտագործվել միայն սահմանափակ քանակությամբ վաճառակետերում։

Կան նաև կանխավճարային այլ քարտեր, որոնք ներառում են քննարկված մյուս երկու քարտատեսակների առանձնահատկությունները։ Հնարավոր է վերալիցքավորել դրանք, կանխիկացնել գումարը տարբեր եղանակներով և շատ ավելին։ Ամեն դեպքում, այս քարտատեսակը նախատեսված է ոչ մեծ գնումներ կատարելու համար։

Գալով անվտանգությանը՝ այս նորեկներն այնքան էլ ապահով չեն, քանի որ քարտապանի նույնականացում չեն ներառում։ Կանխավճարային քարտերը կարելի է օգտագործել անանուն․ դրանք չեն պահանջում քարտապանի անձնական տվյալներ կամ ստորագրություն։ Վերջում նշենք, որ այս քարտերն ունեն դրամի ելքումուտքերի սահմանափակումներ, որը դարձնում է այս քարտատեսակը ոչ նախընտրելի ամենօրյա օգտագործման համար։


Կան նաև բացառապես թվային տարբերակ ունեցող վարկային, դեբետային ու կանխավճարային քարտեր։ Այս դեպքում քարտդ գտնվում է հեռախոսիդ մեջ և ոչ դրամապանակում, եթե, իհարկե, նկատի չունենք թվային դրամապանակները։ Թվային քարտն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկականը, և վճարումներ կատարելու ապահով տարբերակ է։

faq easypay

Ինչպե՞ս ընտրել ամենահարմար տարբերակը

Քարտի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ նպատակով ես պատրաստվում օգտագործել այն։

Վարկային քարտը քեզ տալիս է ճկունություն։ Երբ չունես բավականաչափ գումար, բայց ունես անհետաձգելի ծախսեր, այն օգնում է քեզ գնել տվյալ պահին և վճարել հետո։ Բայց պետք է լինել զգոն ու ծախսել այնքան, որքան հնարավորություն ունես վճարելու։ Ի տարբերություն դեբետային ու կանխավճարային քարտերի, վարկային քարտը քեզ օգնում է վարկային պատմություն ձևավորել։

Դեբետային քարտն ամենաապահով տարբերակն է չնախատեսված ծախսերից խուսափելու համար և տարածված է ամբողջ աշխարհում։

Չնայած կանխավճարային քարտը զիջում է մյուս քարտերին անվտանգության տեսանկյունից, այն աշխատում է առանց բանկային հաշվի, որը դարձնում է նրան ինչ-որ չափով ավելի հասանելի տարբերակ։

Խորհուրդ ենք տալիս ծանրութեթև անել բոլոր քարտատեսակների առավելություններն ու թերությունները նախքան նոր քարտ ձեռք բերելը։

easywallet illustration

Ի՞նչ է հնարավոր easywallet-ի հետ

Դու, իհարկե, կարող ես միանգամից մի քանի քարտ ունենալ՝ և՛ վարկային, և՛ դեբետային, և՛ կանխավճարային։ Սա քեզ տալիս է տվյալ պահին ամենահարմար քարտն օգտագործելու ճկունություն։ Ցանկալի է, որ քո բոլոր քարտերը պահես մի տեղում, օրինակ՝ քո թվային դրամապանակ easywallet-ում։ Այսպիսով՝ ֆինանսական կյանքդ կդառնա ավելի համակարգված ու պարզ, քանի որ կկարողանաս արդյունավետորեն կառավարել ֆինանսներդ։

easywallet-ում քարտերդ կցելու այլ առավելություններ նույնպես ունես։ Օրինակ՝ կարող ես կցել ցանկացած քարտ՝ ներառյալ American Express ու Payoneer, ինչպես նաև թվային քարտեր։ Նաև կարող ես առանց բանկն ընտրելու լիցքավորել քարտային հաշիվդ թե՛ EasyPay տերմինալից, թե՛ easywallet-ից։


Հուսով ենք, որ կարողացանք օգնել քեզ գտնել ամենահամապատասխան քարտը։ Ինչ քարտ էլ որ ընտրես, համոզվիր, որ այն հուսալի տարբերակ է քեզ համար ու կհեշտացնի ֆինանսական կյանքդ։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար