Առավոտ, Երևան
- Ժողովո՜ւրդ, արագացրե՛ք, սուրճ խմեք, գնանք։
- Կլինի՞ ես մեքենայից գործ անեմ։
- Հա։ Ե՞րբ դուրս գանք, որ չուշանանք։
- Հիմա։
Գնացինք Հատիս։
Ինչո՞ւ
2021 թվականի դեկտեմբերի 2-ին«EasyPay» ընկերությունը միացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builder»-ների շարքին։
Ծրագիրը նպատակ ունի աջակիցներ ապահովելու Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների համար: «Nation-Builders» ծրագրի անդամներն աջակցում են դպրոցներին՝ տրամադրելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն, հոգալով որոշակի տեխնոլոգիական սարքերի ձեռքբերման և աշակերտների կողմից համայնքային նախագծերի կազմակերպման ծախսերը։ Հիմնական նպատակը մեկն է՝ Հայաստանի և Արցախի բոլոր երեխաներին ընձեռել հավասար կրթական հնարավորություններ։
2022 թվականի մարտի 7-ին«EasyPay» ընկերությունը«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ միասին այցելեց Հատիս գյուղ՝ Վ․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի ու աշակերտների հետ ծանոթանալու։ Խոսեցինք դպրոցի երկու աշակերտների հետ, ինչպես նաև ծանոթացանք դպրոցի բակում կայանալիք բարեկարգման աշխատանքներին։
Հատիս գյուղ
Հատիսում մեզ դիմավորեցին շատ ջերմ։ Դպրոցի տնօրեն Ադելաիդա Եփրեմյանը պատմեց, որ դպրոցը հիմնադրվել է մոտավորապես 50 տարի առաջ, ինքն էլ դպրոցի շրջանավարտներից է։ Դպրոցում կա 47 աշակերտ, 13-ը՝ Զովաշենից։ Պատմեց, որ դպրոցի զանգը երեխաների համար չէ, որովհետև միջանցքներում ցուրտ է ու աշակերտները գերադասում են մնալ դասարաններում։
Դասարան մտանք երգեցողության ժամին, երբ աշակերտները Քոչարի էին պարում, մենք էլ որոշեցինք իրենցից սովորել։
«Հատիսը սիրում եմ, բայց դե նայի, դրսում ձյուն ա, ցուրտ ա, սիրուն ա, բայց կյանքում չես ապացուցի, որ հիմա գարուն ա»:Միլենա (Վ․ Վարդանյանի միջնակարգ դպրոցի աշակերտ)
Միլենան ապրում է Հատիսում, սիրում է նկարչության, մաթեմատիկայի դասերը ու չի սիրում շատ խոսել, կամ էլ գոնե այդ օրը մեզ այդպես թվաց։
Հատիսում իր առօրյան սկսվում է դպրոցում, իսկ ազատ ժամանակ նկարում է։ Պատմեց, որ դպրոցն իր աչքերում ունի կանաչապատ տարածքի պակաս։
«Բակում կանաչապատ տարածք կուզեի լիներ։ Երեխեքով կհավաքվեինք, գիրք կկարդայինք, հետո կքննարկեինք։ Մնացած ամեն ինչ ունենք, խաղահրապարակ էլ ունենք։ Հիմա համ էլ Հարրի Փոթթեր եմ կարդում, կինոն էլ եմ նայել։ Հավես կլիներ երեխեքով քննարկեինք»։
Միլենայի կարծիքով, երկու մասնագիտությունների միջև ընտրությունը բարդ է ու դեռ չի կողմնորոշվում՝ մաթեմատիկա, թե՞ նկարչություն։ Մի քիչ երկար մտածելուց հետո որոշեց, որ ինքն ընտրում է երկուսը։
«Ինձ թվում ա՝ նկար կնկարեմ, կծախեմ ու տենց կստանամ առաջին աշխատավարձս։ Դրանով ինձ ներկեր կառնեմ, կտավ ու շուն՝ Դոբերման։ Բայց մաթեմատիկան էլ եմ սիրում։ Լինում ա, չէ՞, որ երկու մասնագիտություն ես սիրում ու երկուսն էլ ունենում ես»։
Միլենայի հետ մեր զրույցից հետո ուզում էինք վերադառնալ դասարան ու դուռը բացելու պահին դուրս վազեց Հակոբը, շատ առույգ ու համարյա շնչակտուր։ Հենց այդ պահին էլ հասկացանք, որ մեր մնացած հարցերի պատասխանները կգտնենք հենց իր հետ զրույցի ժամանակ։
Հակոբը պատմեց, որ ինքն ուզում է մոլորակներ տեսնել ու իր սիրելի առարկան երկրագիտությունն է։
«Մեկ-մեկ ուզում եմ մոլորակներ տեսնեմ, մեկ-մեկ՝ չէ։ Որ մեկ-մեկ չեմ ուզում, բոքսի եմ լինում։ Ուզում եմ համ էլ բաքսյոռ դառնամ։ Մտածում եմ, որ եթե չեմպիոն դառնամ, պիտի փող ստանամ․ ասենք՝ 30.000 դոլլար։
- Ի՞նչ կանես բա էդքան փողը,- հարցնում ենք։
- Դե կեսը ընտանիքիս կտամ, մյուս կեսն էլ ավտոներ կառնեմ, 10 հատ, որ ամեն օր մի ավտո քշեմ,- պատասխանում է Հակոբը»։
Հակոբ (Վ․ Վարդանյանի միջնակարգ դպրոցի աշակերտ)
Մարինե Մանջիկյանը դասարանի դասվարն է։ Դպրոցի բակում քայլում էինք, պատմեց, որ շատ էր ոգևորվել, երբ իմացավ ֆինանսական օգնության մասին։ Ասում է՝ երեխաներն էլ շատ էին սպասում կանաչապատ տարածքի ստեղծմանը ու ինքն ուրախ է, որ դպրոցին աջակցում են։
«Հիմա սպասում ենք եղանակները մի քիչ տաքանան ու տույա տնկենք։ Ուզում ենք էստեղ կանաչապատ տարածք դառնա՝ թփերով, ծաղիկներով, արևային լույսերով ու գրատախտակով։ Բաց դասեր կիրականացնենք ու քննարկումներ։ Ապրիլի կեսերին, օրերը մի քիչ տաքանա կսկսենք ծառատունկը»։
Հատիսում անցկացրած մի քանի ժամը, երեխաների հետ շփումն ու Հատիսի խնձորը դեռ երկար կհիշենք։ Երևան վերադարձն ահագին դժվար էր ու հենց այդ պատճառով էլ որոշեցինք, որ նորից ենք գալու։ Իսկ համագործակցությունը շարունակական է ու ամենալավը դեռ առջևում է։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար