Ուղեցույց․ ինչպես խնայել գումար ու հետևել ծախսերին

Ուղեցույց․ ինչպես խնայել գումար ու հետևել ծախսերին

  • 09 Հոկ, 2023
  • EasyPay

«Հստակ բյուջե եմ կազմել ու գիտեմ՝ ինչքան պիտի խնայեմ»։ «Իսկ ես չեմ հերիքացնում, իմ խնայածն եմ ծախսում»։ «Էս վերջերս 50/30/20 մեթոդի մասին եմ լսել, ասում են՝ կօգնի»։

Առօրյայում ամենահաճախ քննարկվող թեմաներից են խնայողությունները, գումարի պակասն ու առհասարակ գումարը։ Չնայած բոլոր քննարկումներին՝ մենք ի վերջո մնում ենք մեր մտքերի հետ մենակ․ ինչպե՞ս խնայել։ Մինչ կհասնենք այս հարցի հնարավոր պատասխաններին, հասկանանք՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախատեսվածից շատ ենք ծախսում, արդյոք պե՞տք է ընդհանրապես խնայել, և այդ 50/30/20-ը ի՞նչ կանոն է։

Ինչպե՞ս ենք նախատեսվածից շատ ծախսում

Այս երևույթի մի քանի պատճառ ենք առանձնացրել․

  • Երբ տխուր ենք, ինքներս մեզ ոգևորելու ցանկություն ենք ունենում։ Արդյունքում հագնվում ենք ու գնում ուղիղ խանութ կամ մնում ենք տանը ու ձեռքը վերցնում հեռախոսը՝ անցնելով օնլայն խանութի «ցուցասրահներով»։

  • Նորույթի ենք հանդիպում ու ուզում ենք փորձել այն։ Հեռանում ենք այդ բաժնից, բայց մի քանի րոպե անց հետ ենք գալիս։ Տանջվում ենք, չգիտենք՝ արդյոք գնե՞լ, թե՞ թողնել, հեռանալ, մոռանալ։

  • Դառնում ենք մարքեթինգի զոհ։ Շատ անգամ գիտակցելով, որ «լրիվ մարքեթինգ ա», մենք, միևնույն է, ընկնում ենք ծուղակի մեջ։ Դեղին ու կարմիր պիտակներով նշվող զեղչերն ու ակցիաները, բաժինների ոչ պատահական հերթականությունն ու այլ տեխնիկաներ շատ վաճառելու ու ուշադրությունդ գրավելու համար են։

Նախատեսվածից շատ ծախսելը մեծ կապ ունի իմպուլսիվ գնումների հետ։ Նման իրավիճակներում ժամանակ չենք տալիս մեզ՝ հետաքրքրող ապրանքն առաջնահերթության մաղով անցկացնելու ու դրա կարևորությունը հասկանալու համար։ Իսկ մեզ ուրախացնելու համար գնումներ կատարելու ցանկությունը չենք փոխարինում ավելի արժեքավոր զբաղվածությամբ:

Այնուամենայնիվ, ճի՞շտ ենք անում արդյոք, որ այսքան շատ ենք մտածում խնայելու մասին։ Իսկապե՞ս պետք է ամեն գնում լինի կարևոր ու պիտանի։

Խնայե՞լ, թե՞ ապրել այնպես, ասես սա մեր վերջին օրն է

Կան մարդիկ, որ ասում են՝ երբեք չես իմանա, թե կյանքն ինչ է պատրաստել քեզ համար․ միշտ խնայած գումար ունեցիր։ Միևնույն ժամանակ պատահում է, որ հանկարծ սկսում ենք մտածել մեր կարճ կյանքի մասին։ Ու որոշում ենք, որ պետք է ապրել այն՝ չմտածելով խնայելու մասին ու ծախսելով գումար մեզ երջանկացնող ցանկացած բանի վրա։

Այս հարցում հստակ բանաձև չկա․ առաջնորդվիր ըստ քեզ հոգեհարազատ ու օգտակար տարբերակի, որը կհամապատասխանի քո ապրելակերպին։

Հնարավոր է նաև, որ մտքովդ անցնեն երկու տարբերակն էլ, ու խելամիտ չթվա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մտքից հրաժարվելը։ Այս դեպքում հուշենք, որ գումար խնայելն ու այն հաճույքով ծախսելը կարելի է հավասարակշռության բերել։ Ահա այստեղ պետք կգա վերևում նշված 50/30/20 կանոնը, ըստ որի՝ եկամտիդ 50%-ը ծախսում ես կարիքներիդ վրա, 30%-ը՝ ցանկություններիդ, իսկ 20%-ը՝ խնայում։



Եթե այս բալանսը քո սրտով է կամ ավելի մեծ տեղ ես տալիս խնայելուն, քեզ համար ունենք խորհուրդներ՝ ինչպես գումար խնայել, պահել նեղ օրվա կամ, որ ավելի լավ է, փայփայած նպատակների համար։

Գումար խնայելու 9 խորհուրդ

Նախապես նշենք, որ կարիք չկա ծանրաբեռնվել ու ի սկզբանե փորձել հետևել բոլոր խորհուրդներին։ Մեկ կամ երկու մեթոդ միաժամանակ օգտագործելու դեպքում նույնպես կարող ես մեծացնել խնայողություններդ։

1․ Սկսիր պարտքերդ մարելուց

«Հանգիստ սրտով» գումար խնայելու համար փորձիր ի սկզբանե հնարավորինս արագ ազատվել պարտքերից։ Այսպիսով կթեթևացնես միտքդ ու մեծ լավություն արած կլինես ոչ միայն պարտատիրոջը, այլև քեզ։ Պարտքի գումարը կարող ես հավաքել՝ օգտվելով վերոնշյալ 50/30/20 կանոնից ու քեզ սպասող մյուս խորհուրդներից։

2․ Ստեղծիր խնայողական հաշիվ

Խնայողական հաշիվը կօգնի քեզ տարանջատել ծախսման ենթակա գումարը պլանավորվող խնայողություններից։ Պարբերաբար փոխանցելով որոշակի գումար խնայողական հաշվիդ՝ ժամանակի ընթացքում ականատես կլինես խնայողություններիդ մեծացմանը։

3. Տուր քեզ 24 ժամ ժամանակ

Տեսար, հավանեցիր, գնեցիր։ Քիչ անց միգուցե հասկացար, որ առանց դրա էլ կապրեիր կամ ուրախ կլինեիր։

Իմպուլսիվ գնումները երբեմն ստիպում են մեզ զղջալ, ինչքան էլ մեզ ասեն՝ կյանքում պետք չէ զղջալ ոչնչի համար։ Մինչ դու սիրահարված նայում ես այդ շապիկին, կոշիկներին, նոթատետրին, կահույքին, փորձիր քեզ հետ բերել իրականություն, զինվել մեկ օր համբերությամբ ու այդ ժամանակահատվածում մտածել՝ ինչքանով տվյալ իրը կօգնի բարելավել կյանքիդ որակը։

4. Պլանավորիր գնումներդ

Ըստ CFP Board-ի կողմից անցկացված հետազոտության՝ գնորդների 55%-ը ունենում է ինքնավստահության զգացողություն, երբ նախապես պլանավորում է գնումները։ Նախօրոք սահմանելով անհրաժեշտ գնումների ցանկն ու առաջնորդվելով դրանով՝ հեշտ կլինի կատարել միայն ռացիոնալ գնումներ ու ծախսել գումարն ըստ նախատեսվածի։

5. Դադարեցրու չօգտագործվող բաժանորդագրություններդ

Եթե կասկածում ես, որ հեռախոսով երբևէ բաժանորդագրվել ես ինչ-ինչ հավելվածների վճարովի տարբերակների ու մոռացել դրանց մասին, ստուգիր՝ ինչ բաժանորդագրություններ ունես ու որոնք չես օգտագործում։ Օգտակար կլինի նաև աչքի առաջ ունենալ այն բաժանորդագրությունները, որոնք հազվադեպ են պետք գալիս կամ կարող են փոխարինվել անվճար այլընտրանքով։ Իսկ երբ բաժանորդագրվում ես անվճար փորձնական շրջանի, թվային օրացույցում հիշեցում սահմանիր, որ չեղարկես բաժանորդագրությունդ նախքան շրջանի ավարտը։

6. Վաճառիր չօգտագործվող իրերդ

Օգուտ ստացիր այն ամենից, ինչն այլևս անհրաժեշտ չէ քեզ կամ երբեք էլ չի եղել։ Վերլուծիր քեզ պատկանող իրերն ու առանձնացրու ոչ պետքականը՝ վաճառքի դնելով դրանք։ Այսպիսով անձնական տարածքդ կազատես ավելորդ իրերից ու կունենաս լրացուցիչ եկամուտ։

7. Վերանայիր ծախսելու սովորություններդ

Պատահո՞ւմ է, որ սենյակից դուրս գալիս լույսը միացված թողնես։ Իսկ ատամներդ լվանալիս փակո՞ւմ ես ծորակը։ Իսկ սառնարանից ներս նայելիս նկատո՞ւմ ես, որ կան շատ բաներ, որոնք կարելի է չուտել, հետևաբար նաև չգնել։

Սովորություններիդ մասին ինքդ քեզ պարզ հարցեր տալով՝ կկարողանաս առանձնացնել՝ որտեղ ես ծախսում անհրաժեշտից շատ։ Հետևաբար՝ որոշ սովորություններ փոխարինելը կամ դրանցից ազատվելը կդառնա գիտակցված ու անհրաժեշտ քայլ։ Այսպես հոգ կտանես ոչ միայն ֆինանսներիդ մասին, այլև բնության՝ լինելով ռեսուրսների ավելի գիտակից սպառող։

8. Հատկացրու օր՝ ոչ մի դրամ չծախսելուն

Գումար խնայելը սովորություն դարձնելու համար մեկ այլ արդյունավետ ձև է ամսվա մեջ մեկ ամբողջ օր ոչ մի դրամ չծախսելը։ Դա կնշանակի ուտելիք պատրաստել տանը եղած մթերքով, ժամանցը կազմակերպել այգում կամ տանը, գիրք կարդալ գրադարանում ու շատ ավելին։

Փորձը հաջողությամբ անցնելուց հետո դու կարող ես մեծացնել առանց որևէ ծախսի անցնող օրերիդ քանակը։ Այսկերպ դու բավականաչափ գումար կխնայես, ինչը քեզ պատասխանատու կդարձնի ուղղել խնայած գումարն արժեքավոր նպատակի։

9. Հետևիր ծախսերիդ

Ծախսերը վերլուծելու համար օրվա ընթացքում կատարած վճարումները գրի առնելը ժամանակատար է։ Այդ պատճառով խնայող շատ մարդիկ վճարում են անկանխիկ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ հետևել ծախսերին վիճակագրության տեսքով։

easywallet հավելվածում դա հնարավոր է։ Վիճակագրությունը ցույց է տալիս՝ ինչին ես ուղղում գումարդ, և օգնում է քեզ հասկանալ՝ որ վճարումներից կարելի է խուսափել։ Թվում է, թե չնախատեսված կերպով մի քանի հարյուր կամ հազար դրամ ծախսելն աննշան բան է, բայց նման ծախսերն ունեն պոտենցիալ՝ ի վերջո անսպասելի մեծ գումար դառնալու։

Իհարկե, հնարավոր չէ խուսափել չնախատեսված բոլոր ծախսերից։ Բայց վստահաբար կարելի է դրանք նվազագույնի հասցնել՝ նախապես պլանավորելով վճարումներն ու պարբերաբար հետևելով դրանց։


Գումար խնայելու եղանակները շատ են, պատճառները՝ նույնպես։ Իսկ ֆինանսներդ ճիշտ կառավարելու առաջին քայլերն են նպատակներ սահմանելը, խնայելու մեթոդներ ընտրելն ու դրանք օգտագործելու մեջ հմտանալը։ Իսկ վերջինիս համար ժամանակ է պետք․ չարժե ինքդ քեզնից դժգոհ մնալ, եթե առաջին ամսում քեզ չհաջողվի միտքդ դրած չափով գումար խնայել։

Ինչ մեթոդ էլ որ ընտրես, չմոռանաս ժամանակ առ ժամանակ հետևել ծախսերիդ, իսկ այդ նպատակով easywallet-ը հասանելի է քեզ ամեն օր ու ամենուր։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար