Մոտենում է Սև ուրբաթը․ օգտակար ուղեցույց ապահով գնումների համար

  • 17 Նոյ, 2025
  • Նորություններ

Սև ուրբաթին բան չմնաց․ այսօր պատմում ենք այդ խելահեղ օրվա և «թացը չորից տարբերելու» մասին։ Ի վերջո արդյո՞ք Սև ուրբաթին կատարված գնումները իսկապես շահավետ են։

Ինչու՞ «Սև ուրբաթ»

Միշտ չէ, որ «Սև ուրբաթ» արտահայտությունը կապված է եղել առևտրային այս աժիոտաժի հետ․ 1869-ի սեպտեմբերին ոսկու գինը անկում ապրեց, որը պատմության մեջ հայտնի դարձավ հենց այս անունով։

Մեկ դար անց՝ 1960-ականներին, Ֆիլադելֆիայի ոստիկանները սկսեցին օգտագործել «Սև ուրբաթ» արտահայտությունը, երբ Գոհաբանության օրվա (Thanksgiving Day) հաջորդ օրը մարդիկ սկսում էին կատարել տոնական գնումներ։ Ամբոխները իսկական գլխացավանք էին դարձել ոստիկանների համար․ վերջիններս աշխատում էին սովորականից ավելի երկար հերթափոխերով՝ կարգավորելով ճանապարհային խցանումները, վթարները, խանութներից գողության դեպքերը և այլ խնդիրներ։ Ավելի ուշ՝ 1980-ականներին, արտահայտությունը սկսեց օգտագործվել առևտրականների կողմից արդեն դրական իմաստով։

Սևուրբաթյան ընդհանուր աժիոտաժին միանում են նաև Կիբերերկուշաբթին և չինական 11.11-ը, որոնք նոյեմբերը դարձնում են շահավետ ակցիաների ամիս։ Իսկ Հայաստանում վերջին տարիներին թե՛ առևտրի խոշոր կենտրոնները, թե՛ փոքր խանութները միանում են Սև ուրբաթին․ ամբողջ երկրում գործում են զեղչեր ապրանքների և ծառայությունների համար։

Խոսենք թվերով

Ըստ Hostinger-ի 2024 թ․-ի ուսումնասիրության՝ նախքան Սև ուրբաթը հարցված սպառողների 82%-ը նախատեսում էր գնումներ կատարել հենց այդ օրը․ սա ցույց է տալիս, որ շատերը մեծ սպասումներ ունեն շահավետ առաջարկների նկատմամբ։

Ըստ Adobe Analytics-ի 2024 թ․-ի զեկույցի՝ ԱՄՆ-ում առցանց առևտուրը կազմել է 10,8 միլիարդ դոլար՝ 10,2%-ով ավելի, քան 2023-ին։ Իսկ Սև ուրբաթին հաջորդող Կիբերերկուշաբթիին գրանցվել է 991,2 միլիոն դոլարի վաճառք միայն «Գնիր հիմա, վճարիր հետո» հնարավորության արդյունքում։

Mastercard SpendingPulse-ը նշում է, որ 2024-ի առցանց վաճառքներն աճել են 14,6%-ով, մինչդեռ խանութներում վաճառքները գրանցել են 0,7% աճ՝ համեմատած անցյալ տարվա Սև ուրբաթի արդյունքների հետ։ Զարդերը, էլեկտրոնիկան և հագուստը շարունակում են մնալ նվերի լավագույն կատեգորիաները տոն օրերին։

Իսկ Հայաստանում 2024 թ․-ի Սև ուրբաթի օրը՝ նոյեմբերի 29-ին, կատարվել է 11 մլրդ 26 միլիոն դրամի առևտուր հսկիչ-դրամարկղային մեքենաներով (ՀԴՄ)։ Տպվել է ավելի քան 2 միլիոն կտրոն։

Իմ սև սիրտ, քո՝ Սև ուրբաթ

Կա այս աճող թվերի նաև մութ կողմը․ հատկապես օնլայն առևտրի զարգացմանը զուգահեռ՝ այժմ և միշտ զգալի տոկոս են կազմում կեղծ առաջարկները։ Ֆիշինգը շարունակում է մնալ խաբեության ամենատարածված տեսակներից մեկը՝ ըստ Կասպերսկիի տվյալների։ Սոցիալական ցանցերով, կասկածելի կայքերով և էլեկտրոնային հաղորդագրություններով արվող խելահեղ առաջարկները հաճախ ծուղակն են գցում զեղչերից օգտվել ցանկացող մարդկանց։

Խանութներում նույնպես կեղծ զեղչերը տարածված են․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է այնպիսի դեպքերի մասին, երբ ապրանքը փորձել են վաճառել սովորականից բարձր գնով՝ զեղչի անվան տակ։

Եվ ուրեմն մոլորությունից զերծ մնալն ավելի դժվար է, քան հնարավոր է պատկերացնել։

Ինչպե՞ս չտրվել խելամտորեն մտածված «զեղչերին»

Պլանավորիր նախօրոք ու հետևիր գնի փոփոխությանը

Երբ նախապես ունես ցանկալի գնումների ցանկ ու գիտես՝ ինչ պետք է գնես, կարող ես հետևել ապրանքների գներին և դրանց հնարավոր փոփոխություններին։ Արդյունքում կտեսնես՝ Սև ուրբաթին արդյոք իսկապես գնի իջեցում է եղել։ Եվ ինչքան շուտ սկսես դա անել, այնքան՝ լավ։ Ի դեպ, կան կայքեր, որոնցով հնարավոր է հետևել ապրանքների գների պատմությանը։ Արժե հիշել, որ երկար չմտածված ու անսպասելի գնումները կարող են անպետք լինել կամ քեզ նեղ դրության մեջ գցել։

Նախքան 70% զեղչը ձեռքիցդ բաց չթողնելու մասին մտածելը ստուգիր ցանկալի ապրանքի արժեքը այլ խանութներում՝ լինեն դրանք առցանց, թե ոչ։ Ի վերջո միգուցե պարզ դառնա, որ այդ 70% զեղչը «խելացի» մարքեթինգի արդյունք էր՝ իրական զեղչ լինելու փոխարեն։

Զգուշացիր խարդախություններից

Երբևէ հանդիպե՞լ ես տան, մեքենայի կամ մեկ այլ բանի կեղծ հայտարարության․ երբ զանգահարում ես, քեզ պատասխանում են՝ այն գոյություն չունի։ Սև ուրբաթին նույնպես գովազդվող շատ ապրանքներ գոյություն չունեն։ Այս դեպքում լավագույն զգուշությունը անգործությունն է՝ անձնական տվյալներդ կասկածելի կայքերում չլրացնելը։ Նմանատիպ կայքերում կեղծ առաջարկները հաճախ նաև նվերների տեսքով են լինում, և նվերը «ստանալու» համար քեզ դրդում են ինչ-որ քայլ անել։ Այս կեղծ կայքերը հաճախ քեզ են հասնում՝ փաթեթավորված էլեկտրոնային հաղորդագրությունների և սոցցանցերի հրապարակումների մեջ, դրա համար արժե ուշադրություն դարձնել հաղորդագրությունը ուղարկողին կամ հրապարակման հեղինակին։

Կարող ես համոզվել կայքի անվտանգության հարցում՝ ուշադիր լինելով կայքի հասցեին, ներկայացված տեղեկության թափանցիկությանը (առաքումներ, հաճախորդների կարծիքներ և այլն), ինչպես նաև վճարման էջին։ Խաբվելու դեպքում քեզ, ցավոք, սպասում է ոչ ավելին, քան գումարի կորուստ և անձնական տվյալների արտահոսք։

Սև ուրբաթը EasyPay-ի հետ

Վատ բաներից շատ խոսեցինք․ մի քիչ էլ լավից խոսենք։ Մենք ունենք օգտակար առաջարկներ, որոնք չեն սահմանափակվում Սև ուրբաթով։

easywallet-ը ողջունում է նորեկներին․ կատարիր առաջին վճարումդ easywallet-ում և ստացիր 2500 դրամ ողջույնի բոնուս։

Իսկ եթե առհասարակ մեքենային առնչվող վճարումներ ես կատարում, իմացիր, որ մեքենան ծախս չէ, այլ հնարավորություն՝ շահելու 10 հատ 200,000 դրամ մրցանակներից մեկը՝ կատարելով ցանկացած վճարում easywallet-ի EasyGarage հարթակում։

━━━━

Հուսով ենք՝ այս ուղեցույցը կօգնի քեզ չտրվել անմեղ թվացող զեղչերին ու կատարել գնումներ, որոնք կլինեն իսկապես շահավետ, պիտանի ու հաճելի։






Ընկերությունը պատասխանատվություն չի կրում www.easypay.am-ում տեղադրված այլ կայքերի հղումներով ներկայացված բովանդակության հավաստիության և դրա օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար