Եկամուտների հայտարարագիր․ ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս և այլ հարցերի պատասխաններ

  • 29 Հնվ, 2025
  • Նորություններ

Այսօր կխոսենք վերջերս ամենաքննարկված թեմաներից մեկի՝ ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման մասին։ Ինչպես արդեն գիտես, ավելի քան 700,000 քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի մինչև 2025 թ․-ի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Իսկ ո՞վ պետք է ներկայացնի, և արդյոք դու նու՞յնպես պետք է ներկայացնես։

Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

Հայտարարագրեր ներկայացնելու պահանջը վերաբերում է 2023 թ․-ի համար հայտարարագիր ներկայացրած անձանց և ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբերին՝ բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց։ Իսկ ո՞վ է ՀՀ ռեզիդենտը․ ռեզիդենտ է այն անձը, որը տարվա ընթացքում 183 օր և ավելի գտնվել է ՀՀ-ում, կամ ում կենսական շահերը, այսինքն՝ ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը գտնվում են Հայաստանում։

Այսպիսով՝ 2024 թ․-ի համար հայտարարագրեր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների հետևյալ խմբերը․

  • 2024 թ.-ին վարձու աշխատող համարված (այդ թվում՝ խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնված) ՀՀ քաղաքացիները,
  • 2024 թ․-ին քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները,
  • 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
  • 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 2023-ին 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը, անդամները),
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները,
  • 2024 թ․-ի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր

Մինչ բոլոր մանրամասներով անցնելը՝ առաջարկում ենք գաղափար կազմել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ քայլերից․

  1. Ունենալ նույնականացման քարտ,
  2. Անցնել անձի նույնականացում և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն,
  3. Հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ,
  4. Լրացնել հայտարարագիրը ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում,
  5. Վճարել հարկերը և/կամ ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում։

Անձի նույնականացումն ու էլեկտրոնային ստորագրությունը տվյալների գաղտնիության ապահովման գործառույթ ունեն։ Անձի նույնականացումը կատարվում է «Ես եմ» հարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսով նույնականացում

  1. Անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID քարտ)․ չունենալու դեպքում հնարավոր է այն ձեռք բերել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM քարտ) կփոխարինվի նոր քարտով։ Հնարավոր է նաև փոխել օպերատորին, ինչի դեպքում նույնպես կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և քո մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. 2025 թ․-ի փետրվարի 1-ից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար տարեկան 3000 դրամ վճարելու կարիք չի լինի: Քո էլեկտրոնային ստորագրությունն ավտոմատ կերպով կակտիվանա։
  5. Հարցերի դեպքում կարող ես դիմել նախընտրած բջջային կապի օպերատորին։

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականացում

  1. Անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թ․-ի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող ես ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից։
  3. Այցելել www.ekeng.am, ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն՝ հետևելով ուղեցույցներին։

Հարցերի դեպքում կարող ես դիմել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուին կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Եթե չունես հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), կարող ես այցելել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի սպասարկման կենտրոններ կամ ստանալ այն առցանց՝ հայտարարագրման համար նախատեսված համակարգ մուտք գործելիս։

Իսկ հիմա` հենց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու մասին, որը հնարավոր է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։ Համակարգը գործում է նաև Self Portal բջջային հավելվածի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեին հայտնի տեղեկությունը համակարգում նախապես լրացված կլինի․ պետք է ընդամենը ստուգել, անհրաժեշտության դեպքում՝ ուղղումներ կատարել։ Իսկ մյուս եկամուտները պետք է մուտքագրել ինքնուրույն՝ նշելով յուրաքանչյուր եկամտի չափը համապատասխան դաշտում։

Քո եկամուտների մասին տեղեկությունը կարող ես ստանալ քո բանկային հաշվի կամ ֆինանսաբանկային այլ ծառայությունների քաղվածքներից։ Հայտարարագիրը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն ստորագրել ու հաստատել։

Ո՞ր դեպքերում անհրաժեշտ չէ հայտարարագրում

Քաղաքացիները կարող են չհայտարարագրել 300,000 դրամից պակաս չհարկվող մուտքերը՝ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից (հանձնումից/փոխանցումից) միանվագ ստացված եկամուտները։ Շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

Քանի որ հայտարարագրման ենթակա են միայն եկամուտները, հայտարարագրում ծախսերը և խնայողությունները չեն ներկայացվում։

Սեփական հաշիվների միջև փոխանցումները, ինչպես նաև վճարային տերմինալներից կամ բանկերում մուտքագրված կանխիկ գումարները չեն ներառվում հայտարարագրում։

Համավարկառուն 2024-ի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։

ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։

Կենսաթոշակառու քաղաքացին չունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն՝ բացառությամբ այն դեպքի, երբ 2024 թ․-ի ընթացքում նա միաժամանակ եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։

Իսկ այն քաղաքացիները, որոնց միակ եկամուտը 2024 թ․-ին եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թ․-ին նրանք նույնպես չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հայտարարագրում

300,000 դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ձեռք բերված եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Ընդ որում, չհարկվող եկամուտները հայտարարագրում պետք է լրացվեն ամբողջությամբ։ Եթե որպես նվիրատվություն ստացել ես, օրինակ՝ 370,000 դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնել հենց 370,000 դրամ եկամուտը։

Եթե 2024 թ․-ի ընթացքում ստացել ես նպաստ, տարիքային, հաշմանդամության կամ զինվորական կենսաթոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

Վարկը համարվում է նվազեցվող եկամուտ, այսինքն՝ վարկի գումարը հայտարարագրում ներառելու անհրաժեշտություն կա, բայց այն հարկման ենթակա չէ։

Վերոնշյալ 300,000 դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հարկվող եկամուտներ են աշխատավարձը, վարձավճարը, շահաբաժինը և այլն։ Աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ։ ՀՀ-ում աշխատավարձը ենթակա է հարկման 20% դրույքաչափով։ Ի դեպ, պետք է ներկայացնել հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թ․-ին աշխատել ես ընդամենը մեկ ամիս կամ ավելի քիչ։

Պատկերացնենք՝ Հայաստանից աշխատում ես արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն՝ քո աշխատավարձը ստանում ես արտերկրից․ այս դեպքում հայտարարագրում պետք է ներառես այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե ստացել ես արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, երբ տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարես Հայաստանում։

Եթե 2024 թ․-ի ընթացքում քո անշարժ գույքը հանձնել ես վարձակալության, ապա ունես եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10% եկամտային հարկ պետական բյուջե վճարելու պարտավորություն:

Եվ եթե 2024-ի ընթացքում ավանդից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացել ես եկամուտ, ապա այդ տվյալները նույնպես պետք է ներառել հայտարարագրում։

Հայտարարագրման ենթակա և դրա կարիքը չունեցող, ինչպես նաև հարկվող և չհարկվող եկամուտների մասին մանրամասն տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում և կայքում։

Իսկ ի՞նչ կլինի հայտարարագիր չներկայացնելու դեպքում

Եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչև 2025 թ․-ի նոյեմբերի 1-ը։ Հայտարարագիրը ժամանակին չներկայացնելու դեպքում կստանաս նախազգուշացում, իսկ նախազգուշացումից 30 օրվա ընթացքում այն չհանձնելու դեպքում կսահմանվի տուգանք՝ 5000-ից 50,000 դրամի չափով։ Ի վերջո, տուգանքից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու պարագայում տուգանքը կկրկնապատկվի։

Կարո՞ղ եմ օգտվել սոցիալական ծախսերի վերադարձից

Հայտարարագրմանը զուգընթաց՝ ներդրվել է սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգը։ Եթե դու քո կամ քո ընտանիքի (ամուսնու, ծնողների և/կամ զավակների) համար կատարել ես սոցիալական ծախս, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք ես բերել առողջության ապահովագրության փաթեթ կամ կրթական հաստատությունում կատարել ես ուսման վճար, կարող ես նշված ծախսերը լրացնել հայտարարագրում և ստանալ առավելագույնը 100,000 դրամի եկամտային հարկի վերադարձ։

Փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից վերցնել հաշվարկային փաստաթուղթ, նույն ինքը՝ ինվոյս։ Մանրամասները տես «Հետք»-ի գրառման մեջ։

Ինչպե՞ս օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձը հայտարարագրի եկամուտները

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների եկամուտների տարեկան հայտարարագրումը իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ-ի) տրամադրմամբ: Հաշվառման գործընթացը հնարավոր է իրականացնել երկու եղանակով՝ թղթային և էլեկտրոնային:

Թղթային եղանակով օտարերկրյա ֆիզիկական անձի հաշվառում

Թղթային եղանակով հաշվառվելու համար օտարերկրյա քաղաքացին պետք է այցելի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և ներկայացնի՝

  1. ՀՎՀՀ-ի տրամադրման վերաբերյալ դիմում,
  2. անձնագրի պատճեն,
  3. հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), եթե առկա է:

Հարկ վճարողի հաշվառման վկայականը տրամադրվում է փաստաթղթերի ներկայացումից անմիջապես հետո։

Էլեկտրոնային եղանակով օտարերկրյա ֆիզիկական անձի հաշվառում

Էլեկտրոնային եղանակով հաշվառվելու համար անհրաժեշտ է, որ դիմողը secretariat@petekamutner.am էլհասցեին ուղարկի՝

  1. ստորագրված դիմումի պատճենը,
  2. անձնագրի պատճենը,
  3. հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), եթե առկա է:

Հաշվառման վկայականն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային հասցեին:

ՀՎՀՀ-ն ստանալուց հետո պետք է ներկայացնել դիմում՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումը հնարավոր է ներկայացնել՝ մոտենալով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով ՊԵԿ էլհասցեին։

Երկու դեպքում էլ դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ առկայության դեպքում։ Երկու դեպքում էլ քո էլեկտրոնային հասցեին ՊԵԿ-ից կստանաս նամակ, որում կցված հղումով անցնելով՝ կկարողանաս ստեղծել օգտվողի անուն ու գաղտնաբառ՝ համակարգ մուտք գործելու համար։

Կարևոր է նշել, որ եթե օտարերկրացին ՀՀ ռեզիդենտ չէ և չունի հայտարարագրման ենթակա այլ եկամուտներ, նա ազատվում է հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից:

Ահա թե որ դեպքերում է օտարերկրյա քաղաքացին պարտավոր ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր․

  1. Եթե ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացել է եկամուտներ;
  2. Եթե համարվում է ՀՀ ռեզիդենտ (բացատրությունը տես գրառման սկզբում) և ստացել է հետևյալ եկամուտները՝ արտասահմանյան աղբյուրից աշխատավարձ, արտասահմանյան աղբյուրից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացված վարձատրություն, շահաբաժիններ, ռոյալթիներ և այլ հարկվող եկամուտներ։

ՀՀ ռեզիդենտները հարկվում են իրենց համաշխարհային եկամուտներից, մինչդեռ ոչ ռեզիդենտները՝ միայն ՀՀ աղբյուրներից ստացված եկամուտներից: Օտարերկրյա ֆիզիկական անձի հաշվառման մասին ամբողջ տեղեկությունը հասանելի է Team2B-ի գրառման մեջ։

--

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու գործընթացը միգուցե թվա խճճված ու բարդ․ հուսով ենք՝ հավաքագրված տեղեկությունն օգնեց քեզ ունենալ հայտարարագրմանը վերաբերող շատ հարցերի պատասխաններ, և գործընթացը պատկերացնելն արդեն ավելի պարզ է։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար