EasyPay-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությունն ու Ծաղկահովիտի ջերմ դպրոցը

EasyPay-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությունն ու Ծաղկահովիտի ջերմ դպրոցը

  • 23 Նոյ, 2023
  • Նորություններ

EasyPay-ի ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությունն իր գեղեցիկ սկիզբը ստացավ Nation-Builders ծրագրով Հատիսի Վ․ Վարդանյանի անվան դպրոցի հովանավորությամբ։ Nation-Builders ծրագիրը հնարավորություն է տալիս բոլոր հետաքրքրված անձանց ու ընկերություններին նպաստել Հայաստանում կրթության զարգացմանը՝ ոլորտում ներդրում կատարելով։

Եվ այսպես, համագործակցության գեղեցիկ սկզբին որոշեցինք շարունակություն տալ՝ նույն ծրագրի շրջանակում ստանձնելով Ծաղկահովիտի Ավ․ Իսահակյանի անվան դպրոցի հովանավորությունը։ Մեր ներդրման շնորհիվ դպրոց եկավ ինֆորմատիկայի երկար սպասված ուսուցիչ, այն էլ այնպիսին, որ կարճ ժամանակում հասցրեց առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացնել աշակերտների մեջ։

Մոտ երկու տարի ինֆորմատիկայի ուսուցչի փնտրելուց հետո ունենալ Ուսուցիչ-առաջնորդ Ալվարդ Ռոստոմյանին մեծ ուրախություն է ոչ միայն աշակերտների, այլև առհասարակ դպրոցի համար․ նա կարծես նոր շունչ է հաղորդել դպրոցին։ Ունենալով երկար տարիների դասավանդման փորձ՝ ընկեր Ռոստոմյանը կիրառում է նորարարական մոտեցումներ, խթանում է աշակերտների հետաքրքրասիրությունը, օգնում է նրանց վերլուծել ու ինքնուրույն հասնել լուծումների։ Մենք համոզվեցինք այս ամենում՝ ներկա լինելով իր դասերից մեկին ու տեսնելով աշակերտների ակտիվ մասնակցությունը։ Իսկ նրան կլանված լսում էին ոչ միայն աշակերտները, այլև մենք։ Վերջում մենք մեր մեջ համաձայնության եկանք, որ այդ թեման ոչ մեկիս այդպես չեն բացատրել դպրոցում։

Երբ հոկտեմբերի 30-ի առավոտյան հասանք Ծաղկահովիտի դպրոց, մեզ դիմավորեց դպրոցի տնօրեն պարոն Անտոնյանը․ նրա աչքերում մեծ ուրախություն կար։ Մեզնից երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ նա շատ է մտածում ու հոգ տանում դպրոցի մասին, իսկ զրույցի ժամանակ ասաց․ «Եթե էրեխեքի համար է, ես ամեն ինչի համաձայն եմ»։

Պարոն Անտոնյանը, համագործակցելով այլ կառույցների հետ, այժմ աշխատում է դասասենյակները համակարգիչներով ու այլ սարքավորումներով համալրելու ուղղությամբ։ Դա նշանակում է, որ մոտ ապագայում ավելի մեծ թվով աշակերտներ կսովորեն օգտվել թվային տեխնիկայից ու կզարգացնեն անհրաժեշտ հմտություններ։

Դպրոցում 12-րդ դասարանի աշակերտները ներկայացրին մեզ Ծաղկահովիտի պատմությունն ու գյուղին վերաբերող հետաքրքիր փաստերը, իսկ զրույցի ընթացքում իմացանք, որ պատրաստվում են բուհի ընդունելության քննություններին։ Պարզվեց՝ առհասարակ ավագ դասարանների աշակերտների մեծ մասը շարունակելու է կրթությունը բուհում, և այդ փաստը մեզ ուրախացրեց։

Շատերը որոշել են կրթություն ստանալ տնտեսագիտական, ֆինանսական ու ՏՏ ոլորտներում, և սա առիթ հանդիսացավ այդ ոլորտներով հետաքրքրված և իրենց ուսումն այդ ոլորտներում պատկերացնող աշակերտներին EasyPay հրավիրելու, շրջայց կազմակերպելու ու ընկերության գործունեությանը ծանոթացնելու համար։ Հնարավոր է, որ մի քանի տարի անց նրանցից մի քանիսի հետ գործընկերներ դառնանք։

Այս փորձառությունը մեզ համար յուրահատուկ է ու թանկ։ Դպրոցական կյանքին ներգրավվելն ու մարդկանց հետ կապվելը ջերմացրին օրը։ Իսկ հիմա վերհիշելով մեր այցը ու պատմելով այդ մասին՝ մենք ժպտում ենք էկրանից այն կողմ։

Ծաղկահովիտի ջերմ դպրոց, դպրոցի գեղեցիկ մարդիկ, սիրելի «Դասավանդի՛ր, Հայաստան», շնորհակալությո՜ւն։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար