EasyPay-ի 2025 թվականը՝ պարզ ու համառոտ

  • 24 Դեկ, 2025
  • EasyPay

Այսօր ամփոփում ենք մեր 2025-ը, խոսում տարվա կարևոր նորությունների, ձեռքբերումների ու համագործակցությունների մասին։

Այս տարին նշանակալից էր մի քանի առումով․

Ստեղծեցինք easyevents-ը

Մայիսին մենք թողարկեցինք easyevents-ը, որը հարթակ է և՛ միջոցառումներ փնտրող մարդկանց, և՛ միջոցառումների կազմակերպիչների համար։ Մենք դարձանք ոչ միայն մի շարք միջոցառումների տոմսերի մատակարարը, այլև՝ գործընկերը։

Մայիսի 25-ին տեղի ունեցավ Rambalkoshe-ի Save the Vinyl միջոցառումը, որին ելույթ ունեցան ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան մի շարք սիրված արտիստներ։ easyevents-ը միջոցառման տոմսերի վաճառքի միակ հարթակն էր։

Հուլիսի 13-ից 20-ը Երևանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի ֆինանսական գործընկերն էր EasyPay-ը, իսկ easywallet-ի easyevents հարթակում հասանելի էին բոլոր ֆիլմերի տոմսերը։

Միջոցառումները նաև սպորտային էին․ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2025»-ը, որի գործընկերն էր EasyPay-ը, իսկ տոմսերը կրկին հասանելի էին easyevents-ում։ Միանալով բարեգործական վազքին՝ մասնակիցները ոչ միայն տարածում էին առողջ ու ակտիվ կենսակերպի գաղափարը, այլև աջակցում էին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կրթաբժշկական ծրագրերին։

Տարին շարունակվեց ընտանեկան միջոցառումներով, ինչպիսին էր սեպտեմբերի 20-ին կայացած Air Fest VI փառատոնը` նվիրված փոքր ավիացիայի, օդային մարզաձևերի ու զբոսաշրջության զարգացմանը։ EasyPay-ը փառատոնի բացառիկ ֆինանսական գործընկերն էր։

easyevents տոմսերի հարթակում տեղ են գտել նաև շատ այլ միջոցառումներ, որոնց մասին կարող ես կարդալ մեր՝ նախկինում արված գրառումներում։

 Բացեցինք նոր մասնաճյուղ

Նոյեմբերին բացվեց EasyPay-ի՝ Գյումրիում առաջին մասնաճյուղը Սպանդարյան 24ա հասցեում։ Ի դեպ, սա մեր առաջին մասնաճյուղն է մայրաքաղաքից դուրս։

Կնքեցինք հուշագրեր

Սեպտեմբերին EasyPay-ը ուրախությամբ միացավ Մատենադարանի արդիականացման ծրագրին․ ընկերության աջակցությամբ Մատենադարանի ցուցասրահներում շուտով կներդրվի տեղեկատվական նոր համակարգ աուդիոուղեցույցների տեսքով։ Հայերենով ու օտար լեզուներով աուդիոուղեցույցները հնարավորություն կտան այցելուներին ծանոթանալ ցուցադրվող նմուշների բովանդակությանը՝ առանց զբոսավարի ուղեկցության։

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի եվրոպական համալսարանի հետ կնքեցինք համագործակցության հուշագիր, որով կշարունակենք ուսանողների համար իրականացնել ուսումնական և գործնական ծրագրեր՝ մասնագիտական սեմինարներ, վարպետաց դասեր, ուսանողների պրակտիկա և կադրերի համալրում EasyPay-ում։

Իսկ դեկտեմբերի 22-ին ստորագրեցինք համագործակցության հուշագիր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հետ՝ նպատակ ունենալով խթանել հասարակության ներգրավվածությունը կրթական նախաձեռնություններում։ Այժմ easywallet-ի օգտատերերը կարող են նվիրատվություններ կատարել հիմնադրամի օգտին պարզ եղանակով՝ հավելվածի վճարման էջում սեղմելով easydonation կոճակը և ընտրելով կամ մուտքագրելով գումարի նախընտրելի չափ։

Հիմնադրամի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2021 թ․-ից։ EasyPay-ի աջակցությամբ Ուսուցիչ-առաջնորդները դասավանդել և կրթական ծրագրեր են իրականացրել մի շարք համայնքներում՝ Կոտայքի մարզի Հատիս համայնքում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, իսկ այժմ՝ Կոտայքի մարզի Զառ համայնքում։

 Ընդլայնեցինք համագործակցությունը BDG-ի հետ

Մենք շարունակեցինք մեր և Business Development Group-ի երկարատև համատեղ աշխատանքը և մեկնարկեցինք ֆինանսական ոլորտի մի շարք դասընթացներ։

Ի դեպ, BDG-ի բոլոր դասընթացների համար գործում է քեշբեք՝ easywallet-ով տեղում կատարված QR վճարումների դեպքում։

Այս տարի BDG-ի հետ թողարկեցինք նաև ֆինանսական գրագիտության հոլովակների շարք հետևյալ թեմաներով՝ ֆինանսական խարդախություններ, պարտք ու վարկ, փողի ժամանակային արժեք ու գնաճ, փաստացի ու անվանական տոկոսադրույքներ և բարդ տոկոս, անվտանգության ֆոնդ, խնայողություններ ու ներդրումներ և բյուջեի պլանավորում։

 Դարձանք հիմնադիր անդամ

Ապրիլին EasyPay-ը դարձավ FinTech Armenia ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Fintech Armenia-ի նպատակն է նպաստել տարածաշրջանում ֆինանսական տեխնոլոգիաների զարգացմանը և թվային նորարարությունների ներդրմանը։ Մհեր Գալստյանը, Արմեն Վիրաբյանը, Սուրեն Օհանովը և Տիգրան Պարսեղյանը միացել են ասոցիացիային որպես դեսպաններ և իրենց ներդրումը կունենան Վճարումների վերափոխման աշխատանքային խմբի գործունեության մեջ։


Մենք խոսեցինք 2025-ի՝ մեզ համար ամենակարևոր իրադարձությունների մասին։ Հուսով ենք՝ դու նույնպես ուրախությամբ ես հիշում քո 2025-ը։

Թող գալիք տարին լինի ավելի արդյունավետ բոլորիս համար։ Շնորհավոր Ամանոր։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար